Իրանն առաջիկա ամիսներին կարտադրի ու կարտահանի կորոնավիրուսի պատվաստանյութ. ԻԻՀ ԱՆ
Իրանի առողջապահության նախարարն ասել է.«Արդյունավետ քայլեր ենք արել պատվաստանյութի արտադրության ուղղությամբ և առաջիկա ամիսներին, տարածաշրջանին կներկայանանք որպես կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրող ու արտահանող», գրում է parstoday.com-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի տնօրեն Ահմադ Ալ-Մանզարիի հետ հանդիպման ժամանակ, Սաիդ Նամաքին ասել է.«Արդեն 13 ամիս է, որ պայքարում ենք կորոնավիրուսի դեմ, և այս ընթացքում արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Իրանում արձանագրվեցին Covid 19 հիվանդության առաջին դեպքերը: Հաշվի առնելով Չինաստանում վիրուսի տարածումը, մենք Իրանում գրանցված դեպքերից մեկ ամիս առաջ արդեն պատրաստվում էինք կորոնավիրուսի դեմ պայքարի համար»:
Նա ասել է.«Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի ձևավորումը, մեծարգո առաջնորդի կողմից , կառավարության անդամներին ցուցաբերված աջակցությունները և այլ կառույցների համագործակցությունն ինչպես նաև ժողովրդի օգնությունը, մեծ նշանակություն ունեին Covid 19 հիվանդության դեմ մղվող պայքարում»:
Իրանի առողջապահության նախարարը հավելել է.«Մենք այսօր հայտարարում ենք, որ ոչ մի հիվանդ այս ընթացքում բժշկական ծառայություններից չի զրկվել, իսկ օտարերկրացիներին անվճար ենք բուժել»:
Նամաքին ասել է.«ԱՀԿ-ից խնդրել ենք մեզ օգնել վստահելի աղբյուրներից պատվաստանյութ ձեռք բերելու հարցում»: