Իրանն ԱՄՆ-ից ստացել է անհրաժեշտ երաշխիքներ՝ երկու կողմերի միջև գերիների փոխանակման համաձայնագրի վերաբերյալ․ Քանաանի
Իրանն ԱՄՆ-ից ստացել է անհրաժեշտ երաշխիքներ՝ երկու կողմերի միջև գերիների փոխանակման՝ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, որը ներառում է նաև միլիարդավոր դոլարների իրանական արտաքին ակտիվների ազատում։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, տեղեկացնում է IRNA-ն։
Նշվում է, որ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսին Քանանին նշել է, որ գերիների փոխանակման և Իրանի սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ նոր համաձայնագիրը Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկամյա բանակցությունների արդյունք է եղել:
«Իրանը ԱՄՆ-ից ստացել է այդ համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ երաշխիքները»,- ասել է նա։
Նա հավելել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմը լուրջ ուշադրություն է դարձրել Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվել։