ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Իրանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Իրանի Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ շրջանում նատրիումի կարբոնատի արտադրության գործարանում քիմիկատների արտահոսքի հետևանքով 133 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Շիրազի բժշկական համալսարանի ռեկտոր Վահիդ Հուսեյնին:

Արտահոսքն ուղեկցվել է պայթյունով և դրան հաջորդած հրդեհով, այն արդեն մարվել է, իսկ փրկարարները փորձում են վերացնել վթարի հետևանքները,-հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը: Անհապաղ բժշկական միջամտության արդյունքում տուժածների համար կանխվել են ծանր հետևանքները։ Թունավորվածներից 114-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
 
Հիշեցնենք, որ նատրիումի կարբոնատի արտադրության գործարանը, որը գտնվում է Ֆիրուզաբադ շրջանում, պաշտոնապես շահագործման է հանձնվել 2020 թվականին: Այստեղ մեկ տարվա ընթացքում կարող է արտադրվել 320 հազար տոննա նատրիումի կարբոնատ, որն օգտագործվում է ապակու, լվացող միջոցների և ջրի զտիչների արտադրության մեջ։

  • Կիսվել: