երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Իրանի խորհրդարանի խոսնակը նախագահական ընտրություններում աջակցում է Սաիդ Ջալիլիին

Իրանի խորհրդարանի խոսնակը նախագահական ընտրություններում աջակցում է Սաիդ Ջալիլիին

Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն աջակցում է Սաիդ Ջալիլիին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ: Այս մասին նա հայտարարել է սոցցանցի իր էջում, տեղեկացնում է Mehr-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին եւ իմ կողմնակիցներին՝ օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական եւ քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանություն»:

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցնում են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50 տոկոսը՝ համաձայն շաբաթ հրապարակված արդյունքների։

Վերջնական հաշվարկների համաձայն, որոնք հայտարարել է ընտրական շտաբը շաբաթ օրը, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ձայների ամենամեծ քանակությունը՝ 10,4 մլն։ Նրա մերձավոր մրցակիցը՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, զբաղեցրել է երկրորդ տեղը 9,4 մլն ձայներով։

Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հավաքել է 3,3 մլն ձայն իսկ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին՝ 206 000։ Առաջին փուլում քվեարկել է ընտրողների մոտ 40 տոկոսը։

Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին, եւ մնացած երկու թեկնածուները կունենան մեկ շաբաթ ընտրարշավի եւ հեռուստաբանավեճերի համար։

  • Կիսվել: