ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել

Այսօր Պեկինում տեղի ունեցած հանդիպումից հետո Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը համատեղ հայտարարություն են ստորագրել, տեղեկացնում է Tasnim-ը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին մարտի 10-ին Չինաստանի միջորդությամբ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչվելու կարևորությունը:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարկավոր է իրագործել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև 2001 թ.-ին կնքված անվտանգության շուրջ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաև երկրների միջև 1998 թ.-ին կնքված համաձայնագիրը տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին:

Կողմերը նաև պայմանավորվել են անհրաժեշտ քայլերը ձեռնարկել Թեհրանում և Էր Ռիադում իրենց դեսպանատները, ինչպես նաև Մաշհադում և Ջեդդայում հյուպատոսությունները վերաբացելու ուղղությամբ, վերականգնել ուղիղ թռիչքները, տարբեր ոլորտի պատվիրակությունների փոխադարձ այցեր կազմակերպել և պարզեցնել վիզայի ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:

Բացի այդ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը նաև ընդգծել են միմյանց ինքնիշխանությունը հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու կարևորությունը:

  • Կիսվել: