շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը Քաթարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ քննարկել է Գազայում ստեղծված իրավիճակը

Իրանի ԱԳ նախարարը Քաթարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ քննարկել է Գազայում ստեղծված իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհա այցի ընթացքում հանդիպել է Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Քննարկվել է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Աբդոլլահիանն ընդգծել է Պաղեստինի հարցում «իսլամական երկրների միասնական դիրքորոշման և Իսրայելի հանցագործությունները կանխելու» հարցում ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է սրվում, և պետք է օգտագործել պատերազմը կանգնեցնելու քաղաքական վերջին հնարավորությունները՝ հակառակ դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա: Իրանի ԱԳ նախարարը և Քաթարի էմիրը դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Աբդոլլահիանը Քաթարում հանդիպել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ: Վերջինս Իրանի ԱԳ նախարարին մանրամասներ է ներկայացրել Գազայում տիրող իրադրության մասին։

Քաթար այցից անմիջապես հետո Աբդոլլահիանը նոյեմբերի 1-ին կմեկնի Անկարա։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ կքննարկվեն տարածաշրջանային հարցերը, մասնավորապես, իրավիճակը Գազայում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:

  • Կիսվել: