ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրանական և ռուսական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության 12 պայմանագիր

Իրանական և ռուսական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության 12 պայմանագիր

Ռուսաստանում Իրանի դեսպանի մասնակցությամբ, ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող «Ավտոմոբիլ 2022» ցուցահանդեսի երրորդ օրը, երկու երկրների ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրեր են ձեռք բերվել ավտոպահեստամասերի արտադրության հոսքագծի, փոշու մետալուրգիայի մեթոդով ավտոմասերի արտահանման ոլորտներում:

Ռուսական ընկերության և Megamotor SAIPA-ի միջև ստորագրվել է 700 մլն եվրո ընդհանուր արժողությամբ համագործակցության պայմանագիր:

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ այս պայմանավորվածությունների իրականացմամբ Իրան կմտնի ավելի քան 700 միլիոն եվրո արտարժույթ։

Ջալալին հավելել է. «Անցյալ տարի Ռուսաստան Իրանի արտահանման ծավալը կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որի մեծ մասը եղել են գյուղատնտեսական ապրանքներ, բանջարեղեն և ցիտրուսային մրգեր: Այսօր, սակայն, արտահանումը կենտրոնացած է տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտների վրա»

Նա հավելել է. «Երկու երկրների միջև ռուբլով և ռիալով առաջին փոխանցումը կատարվել է երեկ և հաստատվել են դրամավարկային և ֆինանսական հարաբերություններ»։

Ռուսաստանում Իրանի դեսպանը նաև ասել է. «Բանակցություններ են ընթանում նաև երկու երկրների միջև տարանցիկ ենթակառուցվածքների ոլորտում, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացվեն ծովային և նավագնացության, գնացքի և երկաթուղու, ճանապարհային ոլորտներում»։

  • Կիսվել: