երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը․ մանրամասներ

Ինչ են քննարկել Լավրովն ու Ալիևը․ մանրամասներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։ Լավրովը նաև խոսել է ռուս-ադրբեջանական մեգանախագծերի մասին։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջևապրանքաշրջանառությունը «հասնում է ռեկորդային մակարդակի»․ «Ինչպես դուք քննարկել եք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, մշակման փուլում են մի քանի մեգանախագծեր, որոնք կունենան ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային, ինչ-որ տեղ նույնիսկ գլոբալ բնույթ։ Այս նախագծերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մեր և ձեր գործընկերներից շատերը»,- ասել է նա։

Լավրովը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգությանը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Շատ միջազգային գործընկերներ, այդ թվում ՝ այս տարածաշրջանից հեռու գտնվողները, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի առաջխաղացմանը նպաստելու հարցում։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են իրավիճակի կայունացմանը, և պայմաններ են կստեղծեն, որ այստեղ գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել ի շահ իրենց պետությունների»:

Ադրբեջանի ղեկավարը հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023-ը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ «Համենայնդեպս, այդպիսի հույս ունենք»։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում։ Անցած տարի կարևոր ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ, ընդունվել են փաստաթղթեր, որոնք որոշում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, այն է ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է անցած տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված փաստաթղթերով։ Համենայնդեպս, մենք տրամադրված ենք դրական և կառուցողական աշխատել հայկական կողմի հետ»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: