կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԻՀՊԿ վերջին զորավարժությունները Ադրբեջանի սահմանին իրենց ծավալներով գերազանցում են նախորդներին․ Tasnim News Agency

ԻՀՊԿ վերջին զորավարժությունները Ադրբեջանի սահմանին իրենց ծավալներով գերազանցում են նախորդներին․ Tasnim News Agency

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի սկզբից ի վեր Իրանի զինված ուժերը 3 զորավարժություն են անցկացրել Արաքսի շրջանում և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ընդհանուր սահմանին, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջին զորավարժությունները ունեին որոշակի առանձնահատկություններ։ Այս զորավարժություններն իրականացվել են ավելի լայն աշխարհագրական տարածքում, իսկ Արդաբիլ և Արևելյան Ադրբեջան նահանգների գրեթե ողջ սահմանային գոտին ընդգրկվել է վարժանքներում։ Մյուս կողմից, այս զորավարժություններում ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի կողմից օգտագործված զորքի և տեխնիկայի թիվը շատ ավելի մեծ էր, քան նախորդ զորավարժությունների ժամանակ:

Իրանի համար այս ուղղությունը կարևոր է, քանի որ Հայաստանը դարպաս է Իրանից Եվրոպա ապրանքների արտահանման և տարանցման համար, հետևաբար՝ Իրանի և Հայաստանի սահմանային անցումները շատ կարևոր են Իրանի տնտեսական ոլորտում։ Մյուս կողմից՝ Զանգեզուրի սահմանային անցակետը, որը Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով կապում է Իրանի ցամաքային ճանապարհը դեպի Եվրոպա, Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորագույն մասերից մեկն է, որն իրականում Օմանի ծոցից և Հորմուզի նեղուցից դեպի հյուսիս և Եվրոպա առևտրային շարասյուների փոխադրման երթուղի է և, հետևաբար, էական ազդեցություն ունի Իրանի՝ որպես տարածաշրջանային հզոր դերակատարի դերի և դիրքի վրա:

Սակայն վերջին ամսվա իրադարձությունները և ադրբեջանական բանակի գործողությունները Հայաստանի հետ սահմանի տարածքում խնդիրներ ստեղծեցին, որոնք կարող էին սպառնալ Իրանի շահերին։

Այս զորավարժությունների ընթացքում ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերը ցուցադրեցին նոր մարտավարություն, որը նախկինում չէին կիրառել իրենց զորավարժությունների ժամանակ: Այս մարտավարություններից մեկը գետի հատման գործողությունն էր, որի ընթացքում 45-րդ Ջավադ ալ-Այմե ինժեներական խումբը գետի իրանական կողմում տեղադրեց պոնտոնային կամուրջ: Հատկանշական է, որ կամուրջը տեղադրվել է Զերինե-Ռուդա շրջանում, հենց այնտեղ, որտեղ ադրբեջանցի սահմանապահները կարող էին դիտարկել ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի զրահատանկային ստորաբաժանումները, որոնք անցնում էին դրանով։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժություններին զուգահեռ, Հայաստան է այցելել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Կապանում բացել Իրանի հյուպատոսությունը։ Այս քաղաքը ռազմավարական խաչմերուկ է և կազմում է Իրանից Եվրոպա տանող կարևորագույն առևտրային ուղիներից մեկը։

Իրանի ռազմական գործիչները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Իրանի հարևան երկրների հետ սահմանին սպառնալիքի օջախների ձևավորում, իսկ Իրանի դեմ սպառնալիքի դեպքում երկրի զինված ուժերը կոչնչացնեն սպառնալիքներն հենց սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: