ԻՀՊԿ-ն հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգում 23 ահաբեկիչների ոչնչացման մասին
Զորավարժությունների ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը սպանել են 23 ահաբեկիչների և գերել 46 զինյալների, հայտնել է «Անվտանգության նահատակների» զորավարժությունների խոսնակ, բրիգադային գեներալ Ահմադ Շաֆայը, տեղեկացնում է Mehr-ը:
Նշվում է, որ նահանգի անվտանգության և ոստիկանության աշխատակիցները հաճախ գործողություններ են իրականացնում սահմանամերձ շրջաններում ահաբեկչական դավադրությունները խափանելու և ահաբեկչական և այլ խմբերի կողմից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող զենք ու թմրանյութ առգրավելու նպատակով, հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում վերջին տարիներին մի քանի ահաբեկչություններ են իրականացվել, որոնց թիրախում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ անվտանգության ուժերը: Ենթադրվում է, որ երկրի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում Իրանի շահերի դեմ հարձակումներ իրականացնող ահաբեկչական խմբավորումները կապված են օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ:
Ըստ գեներալ Ահմադ Շաֆայի՝ զորավարժություններն անցկացվում են նախապես որոշված շրջաններում և ուղղված են կայուն անվտանգության ամրապնդմանը։