Հունգարիան մտադիր է ԵՄ-ում Չեխիայի և Սլովակիայի հետ հակաուկրաինական դաշինք կազմել
Հունգարիան մտադիր է ԵՄ-ում Չեխիայի և Սլովակիայի հետ դաշինք կազմել, որը «թերահավատորեն կվերաբերվի Ուկրաինային»: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաշ Օրբանը, տեղեկացնում է Politico պարբերականը:
Նշվում է, որ Բալաշ Օրբանն ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս ունի Ուկրաինայի հարցում դիրքորոշումները չեխական ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի և իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ համաձայնեցնել մինչև ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովը։
Պարբերականը հիշեցնում է, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Հունգարիան հետևողականորեն դեմ է եղել Ուկրաինա զենքի մատակարարմանը: 2022 թվականի մարտին Հունգարիայի խորհրդարանը արգելել է իր տարածքից զենք ուղարկել Կիև՝ բացատրելով, որ նման գործողությունները կվտանգեն Մերձկարպատյան շրջանը, որը բնակեցված է էթնիկ հունգարացիներով։ Բուդապեշտը դեմ է նաև ռուսական էներգամատակարարման նկատմամբ պատժամիջոցներին։


