Հունաստանը կոչ է անում Գերմանիային էմբարգո սահմանել գերմանական զենքի` Թուրքիային վաճառքի վրա
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը կրկին կոչ է արել Գերմանիային էմբարգո սահմանել Թուրքիային գերմանական զենքի վաճառքի վրա, հայտնում է Kathimerini-ն:
Դենդիասը Բեռլին կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, խորհրդարանի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Բունդեսթագի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Գյունթեր Կրիշբաումի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դենդիասը բարձրացրել է գերմանական մշակման Type 214 սուզանավերի հարցը, որոնք ներկայումս կառուցվում են Թուրքիայի համար եւ օգտագործվելու են Միջերկրական ծովի արեւելքում ուժերի հավասարակշռության խաթարման նպատակով: Ըստ նրա` դա կարող է սպառնալ «ԵՄ անդամ երկրներին, ինչպես նաեւ սպառնալ ընդհանուր կայունությանը տարածաշրջանում»:
Նա նաեւ պատմել է Թուրքիայի հանցավոր վարքի հետեւանքների մասին Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում եւ Կիպրոսի շուրջ ծովային ջրերում, Կաստելորիզոյից հարավ եւ Հունաստանի այլ կղզիներում: Նա նշել է այն վտանգը, որը ներկայացնում է Անկարայի կողմից Սիրիայից ջիհադիստների տեղափոխումը Լիբիա եւ Կովկաս: