Հունաստանի կողմից կալանավորված ռուսական լցանավ ազատ կարձակվի
Պատժամիջոցների հետ կապված խառնաշփոթի պատճառով այս շաբաթ Հունաստանի կողմից կալանավորված ռուսական լցանավը, որը, ըստ տեղեկությունների, իրանական նավթ էր տեղափոխում, ազատ կարձակվի, տեղեկացնում է Reuters-ը։
«Ափամերձ պահպանությունը նավն ազատ արձակելու հրաման է ստացել փողերի լվացման դեմ պայքարի մարմիններից»,- ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը՝ մանրամասներ չհայտնելով։
Երեքշաբթի օրը Հունաստանի իշխանությունները Էվիա կղզու հարավային ափերի մոտ առգրավել են ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas-ը` անձնակազմի 19 ռուս անդամներով: Նրանք ասել են, որ նավն առգրավվել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում:
Հունական աղբյուրները հայտնել են, որ ստուգումներից հետո Pegas-ի հետագա ձերբակալման համար իրավական հիմք չեն գտել, քանի որ նավի սեփականատերը վերջերս փոխվել է, եւ նոր սեփականատերը չի եղել ԵՄ պատժամիջոցների ցանկում: