Հրդեհներ են մոլեգնում Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հունաստանում
Վերջին օրերին մի շարք եվրոպական երկրներում անտառային հրդեհները ոչնչացրել են հազարավոր հեկտար բուսականություն: Հարյուրավոր հրշեջներ հուլիսի 5-ից պայքարում են հրդեհների դեմ Ֆրանսիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում:
Ֆրանսիայի Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում հրդեհը բռնկվել է հուլիսի 4-ին Պերպինյան քաղաքից ոչ հեռու գտնվող դժվարամատչելի տեղանքում: Կրակի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 700 հրշեջ, 200 միավոր տեխնիկա և մոտ տասը ինքնաթիռ ու ուղղաթիռ, հաղորդում Է AFP գործակալությունը: Երկու մարդ՝ մեկ հրշեջ և մեկ տեղացի, ծանր վիրավորվել են:
Արևելյան Պիրենեյների իշխանությունները հայտարարել են 5 հազար բնակչի տարհանման մասին։ Հուլիսի 6-ին հրդեհների բարձր ռիսկը պահպանվում է Ֆրանսիայի ևս 41 դեպարտամենտում, վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել դրանցից 7-ում:
Հրդեհ է բռնկվել Հունաստանի Սալոնիկ քաղաքի մոտակայքում գտնվող թափոնների վերամշակման գործարանում: Թանձր սև ծուխը տարածվել է դեպի քաղաքի կենտրոն: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին փակել պատուհանները և մնալ տանը՝ թունավոր գոլորշիների վտանգի պատճառով: 76-ամյա մի տղամարդու ձերբակալել են հրկիզման կասկածանքով: Աթենքից արևմուտք գրանցվել է ևս մեկ խոշոր անտառային հրդեհ: 210 հրշեջ և կամավորներ, ինչպես նաև մասնագիտացված ինքնաթիռներ են պայքարում կրակի դեմ։
Իսպանիայի հյուսիսարևելյան Ժիրոնա նահանգում հուլիսի 3-ից անտառային հրդեհ է մոլեգնում: Աղետն ընդգրկել է գրեթե 2200 հեկտար տարածք, նշել է EFE գործակալությունը։
Պորտուգալիայի Վոզելա համայնքում 1200 հրշեջ 400 միավոր տեխնիկայի և 15 ինքնաթիռի աջակցությամբ փորձել է մարել հուլիսի 2-ին բռնկված հրդեհը: Կրակն արդեն ընդգրկել է 12 000 հեկտար տարածք։ Հուլիսի 3-ին Իսպանիան Պորտուգալիա է ուղարկել 120 հրշեջ և 45 միավոր տեխնիկա: Հուլիսի 5-ին հրդեհի խոշոր օջախները տեղայնացվել էին, սակայն մի քանիսը դեռ պահպանվում են, նախազգուշացրել են պորտուգալական ԶԼՄ-ները:
Եվրոպայի մի շարք երկրներում հրդեհները սկսվել են հունիսյան ծայրահեղ շոգի պայմաններում։


