Հրապարակել անցյալ տարվա բողոքի ցույցերի ժամանակ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ հետաքննության արդյունքները. ՄԲ-ի կոչը՝ Վրաստանին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը կոչ է արել Վրաստանի կառավարությանը հրապարակել անցյալ տարվա բողոքի ցույցերի ժամանակ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ իր անցկացրած հետաքննության արդյունքները, գրում է aliq.ge-ն:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը հրապարակել այդ մեղադրանքների վերաբերյալ իրենց անցկացրած հետաքննության արդյունքները և շարունակում ենք կոչ անել պաշտպանել հավաքների ազատության իրավունքը և պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատուներին», — ասված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում, որտեղ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Չեփմանը Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի անունից պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատժամիջոցներ են նախատեսվում վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Վրաստանի կառավարությունն արգելված քիմիական նյութեր է օգտագործել 2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին բողոքի ցույցերը ցրելու համար։
Հիշեցնենք. Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ բողոքի ցույցերի ժամանակ «կամիտ»-ի հնարավոր օգտագործման վերաբերյալ ոստիկանության հետաքննությունն ավարտվել է։ Ծառայությունը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ ՆԳՆ-ն երբեք «կամիտ» չի գնել։ Ըստ «Վրացական երազանք»-ի` 2024 թվականի դեկտեմբերի սկզբին բողոքի ցույցերի ժամանակ օգտագործված նյութը «քլորբենզիլիդեն մալոնոնիտրիլ» է եղել։
BBC-ի վերջերս անցկացրած հետաքննությունը լուրջ ապացույցներ է ներկայացրել, որ «Վրաստանի իշխանություններն արգելված քիմիական նյութեր են օգտագործել Վրաստանի քաղաքացիների դեմ 2024 թվականին հակակառավարական բողոքի խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ»։


