կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցով անցումը ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ

ԱՄՆ ԶՈւ վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Այս մասին հայտարարել են Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչությունը և ԻՀՊԿ ռազմածովային ուժերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Սույնով հայտնում ենք, որ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վերջին անօրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է։ Հենց որ իրավիճակը կայունանա և հանգստությունը վերականգնվի, բոլոր դիմումները կդիտարկվեն ըստ դրանց ներկայացման հերթականության, և անհրաժեշտ թույլտվությունները կտրվեն»:

Իրենց հերթին ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ է երեկ երեկոյից, և անցումը դրանով անհնար է, քանի դեռ Իրանի իշխանությունները որոշում չեն կայացրել այն բացելու մասին։ Ցանկացած նավ, որը կփորձի անցնել ջրատարածքով, իրեն վտանգի կենթարկի, հավելել են Կորպուսում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները կիրակի գիշերը հարվածել են Իրանի տարածքում գտնվող շուրջ 140 թիրախների՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավին Թեհրանի հասցրած հարվածի: Իրանն իր հերթին հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ։ Իրանի կողմից օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում և Կատարում։

  • Կիսվել: