Հնդկաստանն ակնկալում է արագ ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը. Կումար
Հնդկաստանն ակնկալում է սեղմ ժամկետում ավարտին հասցնել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բանակցությունները մեկնարկել են նոյեմբերին, առաջին փուլն արդեն կայացել է: Ես կասեի, որ երկու կողմերից էլ հստակ պատկերացում կա, թե մենք ինչի ենք ուզում հասնել, և երկու կողմերն էլ այդ նպատակին հասնելու քաղաքական կամք ունեն։ Այնպես որ, մենք ակնկալում ենք արագ արդյունք»:
Դեսպանը հավելել է նաև, որ Հնդկաստանում վստահ են, որ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կօգնի հաղթահարել անհավասարակշռությունը երկկողմ առևտրում՝ ավելացնելով հնդկական արտահանումը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները կարագացվեն, որպեսզի մենք հնարավորինս շուտ կարողանանք օգտվել ազատ առևտրի ռեժիմից։ Դա ևս մեկ քայլ կդառնա առևտրային անհավասարակշռության վերացման գործում»,-իր խոսքն ամփոփել է Վինայ Կումարը


