հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հիրոսիմայում ավարտվել են G7-ի աշխատանքային բոլոր հանդիպումները

Հիրոսիմայում ավարտվել են G7-ի աշխատանքային բոլոր հանդիպումները

G7-ի և Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրված երկրների առաջնորդներն այսօր՝ մայիսի 21-ին, ավարտել են աշխատանքային օրակարգով նախատեսված բոլոր նիստերը։ Այդ մասին հայտարարել են գագաթնաժողովի կազմակերպիչները։

Երեք օրերի ընթացքում նրանք ունեցել են 10 նիստ, որի շրջանակներում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, Չինաստանի հետ հարաբերությունները, համաշխարհային տնտեսության խնդիրները, միջուկային զինաթափումը, Գլոբալ հարավի հետ հարաբերությունները, հարաբերությունները G7-ին չանդամակցող երկրների հետ ու այլ հարցեր։ 

Մայիսի 20-ին G7-ի գագաթնաժողովի աշխատանքներին միացել էին Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների միության, Հարավային Կորեայի առաջնորդները։ Բացի այդ, Ճապոնիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի մասնակցել է ուկրաինական հիմնախնդրի վերաբերյալ երկու նիստի, այդ թվում՝ ընդլայնված կազմով, որին մասնակցում էին նաև հրավիրված երկրների առաջնորդները։

Զելենսկու մասնակցությամբ առաջին նիստին G7-ի առաջնորդները հերթական անգամ հաստատել են, որ «կշարունակեն իրենց պատրաստակամությունը՝ դիվանագիտական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերելու Ուկրաինային»։ Ճապոնական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ ի սկզբանե Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովի աշխատանքներին պետք է միանար առցանց ձևաչափով։ Այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել մարտին Կիև Ֆումիո Կիսիդայի այցի ժամանակ։ 

Այս տարի G7-ում նախագահում է Ճապոնիան, իսկ երկրների առաջնորդների գագաթնաժողովը մայիսի 19-21-ն ընթանում էր Հիրոսիմայում։ Այս քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին դարձել էր ամերիկյան ատոմային հարձակման թիրախ։ Ջո Բայդենը դարձել է ամերիկյան երկրորդ նախագահը, որն այցելել է Հիրոսիմա։ Սակայն, ինչպես և Բարաք Օբաման, որն այստեղ էր եղել 2016 թվականին, Բայդենը ներողություն չի խնդրել ատոմային ռմբակոծման համար։

  • Կիսվել: