Հիմնականում կողմ ենք Թուրքիայի եվրոպական առաջընթացին. Հունաստանի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գերատեսչության նախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում մասնակցում է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև մաքսային միության և վիզաների հետ կապված հարցեր, գրում է ermenihaber.am-ը:
Այցի շրջանակներում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարների հետ։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը մինչ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի համար 5 տարի անց այս հանդիպմանը մասնակցելը չափազանց կարևոր է։
Գերապետրիտիսը նաև նշել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա խոսել Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին ու հավելել, որ Հունաստանը հիմնականում կողմ է Թուրքիայի եվրոպական առաջընթացին։
Անդրադառնալով Ֆիդանի հետ հանդիպմանը, Գերապետրիտիսը նշել է, որ չափազանց կարևոր է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Կիպրոսի հարցի լուծման համար բանակցությունները վերսկսելու ջանքերը և հավելել, որ այդ հարցերը կքննարկեն Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում։


