երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Կալիֆոռնիայում «Հիլարի» արևադարձային փոթորիկի պատճառով հեղեղումներ են առաջացել

Կալիֆոռնիայում «Հիլարի» արևադարձային փոթորիկի պատճառով հեղեղումներ են առաջացել

Կալիֆոռնիայի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները, տեղեկացնում է Reuters-ը։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Հարավային Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Ըստ կանխատեսումների՝ լեռնային և անապատային հատվածներում սպասվում են 12-25 սմ տեղումներ՝ գրեթե այնքան, որքան անապատային շրջաններում լինում է 1 տարվա ընթացքում։
 
Սան Բեռնարդինոյի շրջանի մի քանի քաղաքներում մարդկանց տարհանման հրահանգ է տրվել։
 
Փոթորիկը ծառեր է տապալել, օդ է բարձրացրել քարեր։ Հետաձգվել են սպորտային տարբեր միջոցառումներ, հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են։ Կալիֆոռնիայի երկու շրջաններում օգոստոսի 21-ին չեղարկվել են դասերը։
 
«Հիլարի» փոթորկին զուգահեռ՝ Լոս Անջելեսից հյուսիս 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ-ի ցունամիների նախազգուշացման կենտրոնում հայտնել են, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժից ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

  • Կիսվել: