շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
«Հեզբոլլահի» զինաթափման շուրջ Իսրայելի և Լիբանանի բանակցությունները հետաձգվել են մինչև հոկտեմբեր

«Հեզբոլլահի» զինաթափման շուրջ Իսրայելի և Լիբանանի բանակցությունները հետաձգվել են մինչև հոկտեմբեր

ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև նախատեսվող բանակցությունների հերթական փուլը սեպտեմբերից տեղափոխվել է հոկտեմբեր, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

Հանդիպումը պետք է կայանար հաջորդ շաբաթ Հռոմում, սակայն որոշվել է այն հետաձգել։ Փոխարենը՝ Իսրայելի և Լիբանանի դեսպանները կհանդիպեն ԱՄՆ Պետդեպարտամենտում և կքննարկեն այն շրջանակային համաձայնագիրը, որով նախատեսվում է զինաթափել «Հեզբոլլահին» և իսրայելական զորքերը աստիճանաբար դուրս բերել Հարավային Լիբանանից:

Իսրայելական կողմի ներկայացուցիչը նշել է, որ պատճառը աշխատանքային ժամանակացույցերի անհամապատասխանությունն է։ Այդուհանդերձ, հանդիպման հետաձգումը կարող է վկայել բանակցային գործընթացի մարման մասին․ պատճառն Իսրայելում առաջիկա ընտրություններն են և համաձայնագրի առանցքային կետերը կատարելուց «Հեզբոլլահի» հրաժարվելը։

Լիբանանցի պաշտոնյան The Times of Israel-ի հետ զրույցում նշել է, որ երկրի հարավին իսրայելական բանակի հասցրած «անխտիր» հարվածները խանգարում են «Հեզբոլլահին» զինաթափելու՝ Բեյրութի փորձերին:

Իսրայելում, սակայն, կարծում են, որ լիբանանյան բանակը դեռ չի կարող ինքնուրույն լուծել այդ խնդիրը:

  • Կիսվել: