ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հերթական թշնամական քայլ. Զախարովան՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին Մոլդովայի միանալու մասին

Հերթական թշնամական քայլ. Զախարովան՝ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցներին Մոլդովայի միանալու մասին

Մոսկվան որպես թշնամական քայլ է գնահատում Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին Մոլդովայի միանալը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դա գնահատում ենք որպես հերթական թշնամական քայլ Մոլդովայի ղեկավարության կողմից, որն ամբողջովին ինտեգրվել է «հավաքական Արևմուտքի» հակառուսական արշավում։ Դրա նպատակը ռուս-մոլդովական հարաբերությունների իսպառ ոչնչացումն է, որոնք պաշտոնական Քիշնևի մեղքով արդեն գտնվում են շատ անմխիթարական վիճակում՛՛:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրենք անպատասխան չեն թողնի մոլդովական կողմի որոշումը:

Ըստ Զախարովայի՝ Մոլդովայի ղեկավարության ապակառուցողական նման կուրսը դժվար թե համապատասխանում է երկրի բնակիչների շահերին, որոնց ճնշող մեծամասնությունը, Զախարովայի կարծիքով, բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին և հետաքրքրված է պահպանել ու զարգացնել երկկողմ բազմապլան համագործակցությունը։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Մոլդովան պաշտոնապես միացել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խարխլելու կամ սպառնալիքի տակ դնելու Մոսկվայի գործողությունների հետ։

 

  • Կիսվել: