ՀԴԲ-ն խուզարկել է Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը
Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տունը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը, տեղեկացնում է The Guardian-ը:
Նա նշել է, որ Բոլթոնը չի կալանավորվել, նրա դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը, ՀԴԲ-ն և Բոլթոնի փաստաբանները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:
Քեշ Պատելը X-ի իր էջում գրել է, որ ոչ ոք օրենքից վեր չէ։
Նշենք, որ Ջոն Բոլթոնը Թրամփի խորհրդականն է եղել նրա կառավարման առաջին ժամկետի ընթացքում՝ 2018 թվականի ապրիլին: Թրամփը նրան ազատել է 2019 թվականի սեպտեմբերին։
Ինչպես հայտնել է The Guardian-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ տեղյակ չի եղել Ջոն Բոլթոնի տան խուզարկության մասին: Նա հայտնել է, որ խուզարկության մանրամասները ակնկալում է իմանալ արդարադատության նախարարությունից:
2020 թվականին Բոլթոնը հուշագիր էր հրապարակել, ինչը Թրամփը փորձել էր արգելել: Վերջինս պնդում էր, որ հուշագրում գաղտնի տեղեկատվություն կա։ Այս գործով նախաքննություն էր սկսվել, որը, սակայն, չեղարկվեց Բայդենի կառավարման օրոք:
Հավելենք նաև, որ վերջին շրջանում Բոլթոնն աչքի է ընկնում Թրամփի արտաքին քաղաքականության քննադատությամբ:


