շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել. Մոհամադ Ասադի Մոհավեդ

Հայաստանը երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չի ստեղծել. Մոհամադ Ասադի Մոհավեդ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին եւ Հայաստանի պետությանն այն բանի համար, որ երբեք Իրանի հետ մշակութային կապերի զարգացման խոչընդոտներ չեն ստեղծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպանության Մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամադ Ասադի Մոհավեդը։

«Մենք պետք է շատ աշխատենք մշակութային կապերի մերձեցման ուղղությամբ։ Չնայած Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն, այնուամենայնիվ, փոխադարձ տեղեկացվածության մակարդակը երկու կողմում ցածր մակարդակի վրա է։ Մտավորականության եւ մշակույթի գործիչների ներկայացուցիչների ակտիվ այցելությունները Հայաստանից կօգնեն ավելի շատ իմանալ Իրանի մասին։ Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստան իրանցի գործիչների այցերի մասին»,- ավելացրել է նա։

Մոհամադ Ասադի Մոհավեդը կոչ է արել ակտիվացնել փոխայցելությունները եւ կարեւոր է համարել ուսանողների եւ մասնագետների փոխանակման եւ փոխադարձ այցելությունների ծրագրերի ընդլայնումը։

«Ես Հայաստանում եմ ընդամենը 40 օր, բայց արդեն տպավորությունս այնպիսին է, որ գտնվում եմ Իրանում։ Հայաստանը եւ Իրանը մշակությաին շատ նմանություններ ունեն։ Ես համոզված եմ, որ հայերը եւս Իրանում իրենց ինչպես իրենց երկրում են զգում»,- նշել է նա։

  • Կիսվել: