կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայաստանն ու Ադրբեջանը բավական հասուն են՝ հարցերն ինքնուրույն լուծելու համար». Ամիրբեկով

«Հայաստանն ու Ադրբեջանը բավական հասուն են՝ հարցերն ինքնուրույն լուծելու համար». Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից, ընթացիկ բանակցային գործընթացից, խաղաղության հնարավոր պայմանագրից ու հնարավոր ելքերից։ 

Ամիրբեկովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանն ու Ադրբեջանը բավարար հասուն են, որպեսզի ինքնուրույն լուծեն մնացած հարցերը։ Բորելն, ըստ էության, Ադրբեջանին մեղադրել է բանակցություններից խուսափելու մեջ, ինչը կատարյալ անհեթեթություն է»։ 

Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ տարածքային հավակնությունների մասին մեղադրանքները «նախատեսված են որպես հնարք, որի նպատակն է շեղել ուշադրությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջներից»։ Մեկնաբանելով Բորելի խոսքերը՝ Ամիրբեկովը ասել է. «Ադրբեջանում ոչ ոք նրա խոսքերը չի մեկնաբանել որպես ավելի հեռուն գնալու և Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն։ Այս ամենը պարզապես հնարքներ են»։ 

Ամիրբեկովն ասել է, որ Հայաստանի պաշտոնական հայտարարություններում և օրենսդրության մեջ կան ևս մի քանի նման պնդումներ: Օրինակ, երբ Հայաստանի օրենսդիր մարմինը վավերացրեց 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրերը, որոնք խորհրդային հանրապետության սահմանները ճանաչում էին որպես նորանկախ պետությունների սահմաններ, օրենսդիրները հավելեցին այն ձևակերպումը, որ դա չի վերաբերում Ղարաբաղին: Նմանապես, Ամիրբեկովը խոսել է մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի վերջին հայտերից, որոնք, ըստ Ամիրբեկովի, ենթադրում են Ադրբեջանի նկատմամբ հավակնություն․

«Մենք մեր բանակցությունների ժամանակ, ինչպես նաև մեկնաբանությունների ու տարբեր փոխանակումների միջոցով բազմիցս հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այս փաստերի վրա», - ասել է նա: «Հայկական կողմն ընդունում է, որ դա փաստ է, բայց ոչինչ չի արվում։ ... Երբ նրանք փորձում են խաբել, եթե կարելի է այդպես ասել, երբ փորձում են ամբողջ մեղքը և պատասխանատվությունը դնել մեր ուսերին և միևնույն ժամանակ հոգու խորքում դեռ ունեն այդ տարածքային պահանջները մեր նկատմամբ, դա չի աշխատի», - ասել է Ամիրբեկովը:

  • Կիսվել: