Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի. Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին` նշելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի համար։
«Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը ներկայումս սառեցված է, ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Աքար նաև հավելել է, որ եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն ներդրումներ կատարել խաղաղության համար, դրա քաղաքական և տնտեսական օգուտը մեծ կլինի ողջ տարածաշրջանի համար:
«Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, ներառյալ՝ Արևմուտքի իր դաշնակիցները, կամ օգնեն այս նոր ըմբռնմանը, կամ գոնե զգուշանան պատմական վեճը քաղաքականացնելու և ռազմական գործողությունները շարունակելու հեռանկարներից:
Սակայն մենք պետք է նկատի ունենանք ստեղծված նուրբ իրավիճակը։ Չնայած հակամարտությունը ներկայում սառեցված է, ռազմական գործողությունների մեջ նորից ընկնելու վտանգը մեծանում է, որքան երկար ժամանակ է պահանջվում համաձայնագիրը (նկատի ունի հայ-ադրբեջանական կարգավորման համաձայնագիրը) կնքելու համար», - ասել է նա:
Աքարի խոսքով՝ երկու «խնդիր» Անկարային և Երևանին խանգարել է նորմալ հարաբերություններ զարգացնել Խորհրդային Միությունից Հայաստանի անկախացումից ի վեր։ Դրանցից մեկը, ըստ նրա, առաջին Արցախյան պատերազմն էր, մյուսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր տեսակետները: