Հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինը ցավակցել է Ռաիսիի մահվան կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Խնդրում եմ ընդունեք խորին ցավակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած ահռելի ողբերգության՝ ավիավթարի կապակցությամբ, որը խլեց նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև Ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը»,- ասվում է հեռագրում։
ՌԴ ղեկավարը հավելել է, որ հավերժ կպահի իր գործընկերոջ վառ հիշատակը։
«Ես հնարավորություն եմ ունեցել մի քանի անգամ հանդիպելու Սեյյիդ Էբրահիմ Ռաիսիի հետ, և ես հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշատակ: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգեկան տոկունություն՝ նման ծանր, անդառնալի կորստի պայմաններում»,- ասված է ուղերձում։
«Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որի ամբողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն: Նա իրավամբ վայելում էր իր հայրենակիցների բարձր հարգանքը և արտերկրում նշանակալի հեղինակություն ուներ: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անձնական անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար»,- ասված է հեռագրում։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում, հայտնել են Իրանի իշխանությունները։