երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Կորեայի նախագահն ապամիջուկայնացման դիմաց տնտեսական օգնություն է առաջարկել Հյուսիսային Կորեային

Հարավային Կորեայի նախագահն ապամիջուկայնացման դիմաց տնտեսական օգնություն է առաջարկել Հյուսիսային Կորեային

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի, տեղեկացնում է Yonhap-ը:

Ինչպես ճապոնական տիրապետությունից Կորեական թերակղզու ազատագրման տարեդարձի առթիվ իր ելույթում նշել է Յուն Սոկ Յոլը՝ ինքը համառորեն աշխատում է այդ նախաձեռնության վրա:

Նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպենք հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերն առաջ տանելուց, ընտրեն երկխոսության և համագործակցության ուղին, որի շնորհիվ կբարելավվի երկրի բնակչության կյանքը՛՛:

Յուն Սոկ Յոլը միևնույն ժամանակ նշել է, որ ԿԺԴՀ-ի ՛՛հրթիռամիջուկային սպառնալիքի՛՛ վերացման համար անհրաժեշտ է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև Փհենյանի հրթիռների վերաբերյալ տվյալների փոխանակում իրական ժամանակում: Իր խոսքում Յուն Սոկ Յոլը նաև Ճապոնիան անվանել է կարևոր գործընկեր տնտեսության բնագավառում և անվտանգության ոլորտում։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի տարածքում ՄԱԿ-ի Հրամանատարության յոթ ՛՛թիկունքային բազաների՛՛ առկայությունը ՛՛Հարավային Կորեա հյուսիսկորեական ներխուժումը՛՛ զսպելու կարևոր գործոն է։

Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման դիմաց տնտեսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը Հարավային Կորեայի ղեկավարն առաջին անգամ ներկայացրել է 2022 թվականի օգոստոսի 15-ին: Այդ առաջարկից մի քանի օր անց Կիմ Յո Չժոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել էր, որ Փհենյանը երբեք չի ընդունի այդ առաջարկը:

 

  • Կիսվել: