երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ երկրների փրկարարները Բելառուսում կմասնակցեն «Ժայռ - 2023» զորավարժություններին

ՀԱՊԿ երկրների փրկարարները Բելառուսում կմասնակցեն «Ժայռ - 2023» զորավարժություններին

 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ - 2023» զորավարժությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Բելառուսում, ուղղված են լինելու միջուկային և ռադիացիոն անվտանգության խնդիրների մշակմանը։ Այս մասին Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վադիմ Սինյավսկին հայտարարել է «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 
«Մեզ մոտ բավական լուրջ միջոցառումներ կանցկացվեն«Ժայռ - 2023» զորավարժությունների շրջանակում, որոնք կկազմակերպենք այստեղ սեպտեմբերին՝ այլ երկրների մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր վարժանքների թեման ռադիացիոն և միջուկային անվտանգությունն է», - ասել է նախարարը։
Ավելի վաղ Սինյավսկին հայտնել էր, որ այս զորավարժության շրջանակներում ենթադրվում է մշակել ՀԱՊԿ երկրների փրկարարների համատեղ գործողությունների համակարգումը համալիր արտակարգ իրավիճակներին արձագանքելիս։
Հիշեցնենք, որ «Ժայռ» փրկարարական ստորաբաժանումների հատուկ վարժանքներ անցկացնելու մասին որոշումը ՀԱՊԿ երկրներն ընդունել են 2022 թվականի օգոստոսին Մոսկվայում՝ կազմակերպության անդամ երկրների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստում։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

  • Կիսվել: