երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հակամարտությունը Գազայում տարածաշրջանը դնում է «անդունդն ընկնելու» սպառնալիքի տակ. Հորդանանի թագավոր

Հակամարտությունը Գազայում տարածաշրջանը դնում է «անդունդն ընկնելու» սպառնալիքի տակ. Հորդանանի թագավոր

Հակամարտությունը Գազայում տարածաշրջանը դնում է «անդունդն ընկնելու» սպառնալիքի տակ: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո ասել է Հորդանանի թագավոր  Աբդալա II-ը, տեղեկացնում է The National-ը։

Նշվում է, որ թագավորը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածի «չափազանց վտանգավոր իրավիճակը» «շատ ավելի կվատանա, եթե մենք չկանգնեցնենք այդ պատերազմը եւ մարդկային աղետը, որն այն ստեղծում է»։

Նրա խոսքով՝ «պատերազմի ընդլայնման սպառնալիքը իրական է»։ Շոլցը Իրանին եւ «Հեզբոլլահին» զգուշացրել է պատերազմին միջամտելուց։

«Պատերազմի ընդլայնման գինը չափազանց բարձր է, եւ անհրաժեշտ են մեր բոլոր ջանքերը, որպեսզի համոզվենք, որ մենք դրան չենք հասնի»,- ասել է Հորդանանի թագավորը։ «Ամբողջ տարածաշրջանն անդունդում հայտնվելու եզրին է»,- ասել է նա։

Թագավորը բացառել է փախստականներին ընդունելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ դա «կարմիր գիծ» է Հորդանանի եւ Եգիպտոսի համար։ ՄԱԿ տվյալներով՝ Հորդանանում արդեն ապրում են ավելի քան 2 մլն տեղահանված պաղեստինցիներ, իսկ իսրայելցի զինվորականները հրամայել են տարհանել Գազայի բնակչության մեծ մասին՝ սպասվող ցամաքային հաձակումից առաջ։

Աբդալա թագավորը հայտարարել է, որ հումանիտար ճգնաժամը պետք է լուծել Գազայի ներսում, ոչ թե պաղեստինյան մարտահրավերը դնել ուրիշների ուսերի վրա։

Նա ասել է, որ  սննդի, ջրի եւ էլեկտրականության անբավարարությունն «անընդունելի է բոլոր մակարդակներում», եւ կոչ է արել դատապարտել խաղաղ բնակիչների սպանությունները «երկու կողմերում»։ «Մենք չենք կարող շարունակել բռնության այս ցիկլը ամեն տարի։ Եթե քաղաքական հորիզոն չլինի, այն կշարունակվի»։

Շոլցն ասել է, որ Իսրայելը կարող է Գերմանիայի աջակցությունն ակնկալել։ Հայտարարելով, որ Գերմանիան եւ Հորդանանը «ընդհանուր նպատակ» ունեն՝ կանխել «հրդեհը» տարածաշրջանում, նա ասել է, որ «նախազգուշացրել է «Հեզբոլլահին», Իրանին, որ չմիջամտեն հակամարտությանը»։

Նրա խոսքով՝ «կարեւոր է տարբերություններ անցկացնել պաղեստինցի ժողովրդի եւ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության միջեւ, որը «նրա անունից խոսելու իրավունք չունի»։ «Պաղեստինցի ժողովուրդը Գազայում նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհն է»,- ասել է նա։

  • Կիսվել: