հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակահարձակման առաջին կարևոր քայլերը կձեռնարկվեն մոտ ժամանակներս. Զելենսկի

Հակահարձակման առաջին կարևոր քայլերը կձեռնարկվեն մոտ ժամանակներս. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական գործընկերների հետ հանդիպմանը շաբաթ հայտարարել է, որ ռուսաստանյան զորքերի դեմ երկար սպասված ռազմական հակահարձակման «առաջին կարևոր քայլերը» կձեռնարկվեն մոտ ժամանակներս:

 Իտալիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներից հետո, ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Զելենսկին ասել է, որ ուկրաինական ուժերը «շատ լրջորեն են պատրաստվում»:
 
«Անկասկած, ձեռնարկվելու են շատ լուրջ քայլեր։ Չեմ կարող ձեզ ասել (երբ)․․․ բայց դուք անպայման դա կտեսնեք, իսկ Ռուսաստանն անպայման դա կզգա,- ասել է նա։- Մենք հավատում ենք հաղթանակին և հավատում, որ շուտով կձեռնարկվեն առաջին կարևոր քայլերը»։
 
Անդրադառնալով շաբաթ Զելենսկու հետ «երկար և արդյունավետ» հանդիպմանը՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստացել է անփոփոխ օգնություն Ուկրաինային՝ ավելացնելով, որ Հռոմը կպաշտպանի ՆԱՏՕ ընդունվելու Կիևի ցանկացած առաջիկա հայտը։
 
Զելենսկին հանդիպել է նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որը բացահայտ արտահայտվել է հօգուտ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ 
 
Շաբաթ Վատիկանում կայացած հանդիպմանը Զելենսկին և Ֆրանցիսկոս պապը խոսել են Ուկրաինայում պատերազմի հետևանքով ստեղծված  հումանիտար և քաղաքական իրավիճակի մասին, նշվում է Վատիկանի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
 
Անցած շաբաթ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրին «մի փոքր ավելի ժամանակ» է անհրաժեշտ, նախքան հակահարձակումը սկսելը, որպեսզի հնարավորություն տա խոստացված արևմտյան ռազմական օգնության ևս մի մասի երկիր հասնելուն։
 
Արևմտյան այդ կողմնակիցների շարքում է Գերմանիան, ուր Զելենսին ժամանեց կիրակի։
 
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հայտարարել էր, որ Ուկրաինային է տրամադրելու ևս մոտ 3 մլրդ դոլարի ռազմական օգնություն՝ ներառյալ 30 տանկ։

  • Կիսվել: