ուրբաթ, մարտ 21
21 / 3 / 2025
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու հանգամանքները

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու հանգամանքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «խորապես վշտացած և ցնցված է» Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ին պատկանող երկու հյուրատների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով ՄԱԿ-ի աշխատակցի զոհվելու կապակցությամբ:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ ավելացնելով, որ ևս 5  աշխատակից վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Գուտերեշը դատապարտել է բոլոր հարձակումները ՄԱԿ-ի անձնակազմի վրա և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել:

«Գլխավոր քարտուղարը շեշտում է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը՝ վերջ դնելու մարդկային տառապանքներին: Մարդասիրական օգնությունը պետք է հասնի բոլոր կարիքավորներին: Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - հավելել է խոսնակը:

Հակի խոսքով՝ «ՄԱԿ-ի բոլոր շենքերի գտնվելու վայրերը հայտնի են հակամարտող բոլոր կողմերին, և նրանք միջազգային իրավունքի համաձայն պարտավոր են պաշտպանել դրանք և ապահովել դրանց անձեռնմխելիությունը»:  

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ը փորձում է «ճշտել պայթյունի պատճառները»։

The Times of Israel-ը հայտնել է, որ նախնական հետաքննության արդյունքը ցույց է տվել, որ Իսրայելի զինվորականները պատասխանատվություն չեն կրում Գազայում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան համար:

2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև բռնկված ռազմական գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի առնվազն 280 աշխատակից է զոհվել:

 

  • Կիսվել: