ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. Նիլսեն

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել. Նիլսեն

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել կղզու հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրիի հետ հանդիպումից հետո: Այս մասին Կոպենհագենում անցկացված Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Իենս-Ֆրեդերիկ Նիլսենը, տեղեկացնում է Ֆրանսպրեսը:

Նրա խոսքով՝ բանակցությունները եղել են «կառուցողական», սակայն դրանք ցույց են տվել, որ «որևէ նշան չկա, թե ինչ-որ բան է փոխվել» տարածքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկյան ծրագրերում:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Գրենլանդիայի ժողովուրդը վաճառքի ենթակա չէ, և որ գրենլանդացիներն ինքնորոշման իրավունք ունեն։ Դա բանակցությունների առարկա չէ»,-ասել է Գրենլանդիայի վարչապետը։

Իր հերթին Գրենլանդիայի արտգործնախարար Մուտե Բ․ Էգեդեն ևս հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել տարածքի նկատմամբ իր մտադրություններից։ «Մենք ունենք կարմիր գիծ։ Ամերիկացիների մեկնարկային դիրքորոշումը նույնպես չի փոխվել»,- նշել է նա։

Նիլսենը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կշարունակվի, սակայն ցանկացած ավելի սերտ համագործակցություն հնարավոր է միայն այն պայմանով, որ Վաշինգտոնը հարգի Գրենլանդիայի ինքնիշխանությունն ու նրա «կարմիր գծերը»։

  • Կիսվել: