ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղազախստանյան իրադարձություններից հետո հարուցվել է 1822 քրեական գործ 

Ղազախստանյան իրադարձություններից հետո հարուցվել է 1822 քրեական գործ 

Ղազախստանի իրավապահ մարմինները ահաբեկչության, սպանությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման փաստերի վերաբերյալ հարուցել են 1822 քրեական գործ: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:

Նա երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ներկայացրել է երկրի բոլոր շրջաններում «Իրավակարգ» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքը: Տուրգումբաևը նշել է, որ շարունակվում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենքի առգրավումը։

Ինչպես նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ՝ 1822 քրեական գործից 116-ը փոխանցվել են հատուկ դատախազներին:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Նշենք նաև, որ հայ խաղաղապահներն արդեն վերադարձել են Հայաստան:

  • Կիսվել: