ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ

Ղազախստանում կայացած ընտրությունները համապատասխանել են միջազգային նորմերին. ՀԱՊԿ ԽՎ

Մարտի 19-ինՂազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) առաքելության համակարգող, Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մարկևիչը։
 
«Անհրաժեշտ է արձանագրել, և մենք դա նշել ենք մեր եզրակացության մեջ, որ ընտրություններն անցկացվել են Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային նորմերին համապատասխան։ Քվեաթերթիկների տրման, տեսանելի քարոզչանյութերի տեղադրման, բուն քվեարկության գործընթացի կազմակերպման կարգի, ձայների հաշվարկի ընթացքում խախտումներ չենք հայտնաբերել, ինչն էլ նշել ենք դիտորդների միջազգային խմբի եզրակացության մեջ», - նշել է նա։
Անցած գիշեր հրապարակված հասարակական կարծիքի երեք հարցումների արդյունքների համաձայն՝ երկրի խոշորագույն «Ամանատ» կուսակցությունն ընտրություններում առաջատարն է ավելի քան 53 տոկոս արդյունքով, ստորին պալատի կազմում ընդգրկվելու համար 5 տոկոս շեմը կարող են հաղթահարել երկրում գրանցված 7 կուսակցություններից 5-ը կամ 6-ը:
Բացի այդ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելությունը Ղազախստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում անվտանգության և իրավակարգի ապահովման բարձր մակարդակ է արձանագրել:

  • Կիսվել: