երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղարիբաշվիլին հայտարարում է, որ ընտրություն ուներ մնալ վարչապետի պաշտոնում մինչև ամառ, բայց «որոշեց հեռանալ հիմա»

Ղարիբաշվիլին հայտարարում է, որ ընտրություն ուներ մնալ վարչապետի պաշտոնում մինչև ամառ, բայց «որոշեց հեռանալ հիմա»

Այժմ արդեն «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ ընտրության հնարավորություն ուներ մնալ իր պաշտոնում մինչև ամառ, սակայն որոշել է հրաժարական տալ հիմա, գրում է jnews.ge-ն:

«Մեր թիմը ներքին ժողովրդավարություն ունի։ Ամենաերկարը ես եմ եղել «Վրացական երազանքից» վարչապետը՝ 5 տարի։ Հաշվի առնելով թիմում զարգացած դեմոկրատական պրակտիկան՝ անհրաժեշտ է մյուս հաջողակ ղեկավարներին ևս հնարավորություն տալ դրսևորել իրենց կարողությունները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վերջինիս խոսքով՝ «պլանն ի սկզբանե այդպիսին է եղել»:

«Երկու տարբերակ կար՝ թիմն ինձ առաջարկեց մնալ մինչև ամառ, իսկ հետո [ռոտացիա]: Ես ընտրեցի առաջին տարբերակը, այն է՝ հրաժարական տալ հիմա, քանի որ ինձ պետք է, որ մի կողմից ավելի շատ ժամանակ տրամադրեմ կուսակցությանը, իսկ Կոբախիձեն՝ կառավարությանը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության համագումարում նրան հաջողություն է մաղթել վարչապետի պաշտոնում և խոստացել իր աջակցությունը։

«Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլին ինքն է «ցանկացել» հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։ Ինքը՝ Իրակլի Ղարիբաշվիլին, վարչապետի պաշտոնը լքելիս չի ասել, որ հեռանում է սեփական նախաձեռնությամբ։ Նրա խոսքով, ինքն այս որոշումները քննարկել է թիմի հետ։ Նա նաև հայտարարել է, որ դիտարկվել է պլանը՝ պաշտոնավարելու մինչև ամառ կամ մինչ ակտիվ ընտրարշավի մեկնարկը, ինչից ինքը հրաժարվել է։

  • Կիսվել: