Գերմանիայում վերացրել են քաղաքացիություն ստանալու՝ երեք տարվա ընթացքում արագացված գործընթացը
Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, վերացրել է այսպես կոչված տուրբոնատուրալիզացիան՝ Գերմանիայի քաղաքացիություն ստանալու՝ երեք տարվա ընթացքում արագացված գործընթացը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը:
Նա նշել է, որ այժմ գերմանական անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է օրինականորեն բնակվել երկրում առնվազն հինգ տարի։
Դոբրինդտի խոսքով՝ բնականացումը ինտեգրման գործընթացի ավարտն է, այլ ոչ թե սկիզբը։ «Գերմանական անձնագիրը պետք է տրամադրվի որպես հաջող ինտեգրման ճանաչում, այլ ոչ թե որպես անօրինական միգրացիայի խթան»,- ասել է նա։
Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ գերմանական հասարակության մեջ կայուն ինտեգրումը ժամանակ է պահանջում։ Երեք տարին բավարար չէ։ Բունդեսթագի 450 պատգամավոր քվեարկել է քաղաքացիության մասին օրենքի համապատասխան փոփոխության օգտին, 134-ը՝ դեմ, իսկ երկուսը՝ ձեռնպահ։
Օրենքը պաշտոնապես ուժի մեջ կմտնի, երբ այն հրապարակվի Դաշնային իրավական տեղեկագրում, այսինքն՝ օրինագծի վերջնական տարբերակը Բունդեսրատի ընդունումից և Գերմանիայի նախագահի ստորագրումից հետո։


