ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գազայում իսրայելական հարվածներից վերջին մեկ օրում ավելի քան 40 մարդ է զոհվել. Al Jazeera

Գազայում իսրայելական հարվածներից վերջին մեկ օրում ավելի քան 40 մարդ է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից 40-ից ավելի մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական իշխանություններին։ 

Հաղորդվում է, որ առնվազն 29 մարդ զոհվել է Նուսեյրաթի փախստականների ճամբարում, որտեղ իսրայելական ուժերը նոյեմբերի 28-ի առավոտից սկսած ինտենսիվ ռմբակոծություններ են իրականացրել՝ թիրախավորելով բնակելի շենքերը, մզկիթները և հասարակական այլ հաստատություններ։

9 մարդ զոհվել է տանը հասցրած հարվածից, որտեղ ապաստանել էին տեղահանված պաղետինցիները, ևս 5 մարդ՝ մեկ այլ տան ռմբակոծությունից։  

Միևնույն ժամանակ Լիբանանում սկսվել է հրադադարի հաստատման երրորդ օրը, սակայն Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ 

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում ավիահարվածներ է հասցրել մի օբյեկտի, որը «Հեզբոլլահ»-ն օգտագործում էր միջին հեռահարության հրթիռներ պահելու համար։ Մինչ այս երկու կողմերը միմյանց մեղադրել էին հրադադարը խախտելու մեջ։ 

 

  • Կիսվել: