հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից 66 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական շարունակական օդային հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է 66 պաղեստինցի, այդ թվում՝ շուրջ 20-ը Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող ալ-Բուրեյջ փախստականների ճամբարում տեղահանված անձանց համար նախատեսված դպրոցի ռմբակոծման հետևանքով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարությունը զգուշացրել է, որ անկլավի բոլոր հիվանդանոցները կդադարեցնեն գործունեությունը վառելիքի պակասի պատճառով։

«Ալ-Քասամի բրիգադ»-ի անդամները հայտարարել են, որ պայթեցրել են Խան Յունիսից արևելք գտնվող ականապատ դաշտը և ականանետային արկերով հրետակոծել տարածքը, ինչի հետևանքով իսրայելական կողմում կան զոհեր ու վիրավորներ։

Կատարն ու Եգիպտոսը համատեղ հայտարարության մեջ հաստատել են, որ Գազայի հատվածում իրենց միջնորդական ջանքերը շարունակական են և հետևողական։ Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ զգալի դրական առաջընթաց է գրանցվել պատանդների ազատ արձակման գործում։ 

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 52 615 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 118 752-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: