Ֆինլանդիայի նախագահը քիչ հավանական է համարում մինչև գարուն Ուկրաինայում հրադադարի հաստատումը
Ուկրաինայում հրադադարի հաստատումը մինչև գարուն քիչ հավանական է, և եվրոպացի դաշնակիցները պետք է շարունակեն աջակցությունը՝ չնայած Կիևում բռնկված կոռուպցիոն սկանդալին: Այս մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ նա նաև հավելել է, որ Եվրոպային, այնուհանդերձ, անհրաժեշտ է տոկունություն՝ ձմռան ամիսները հաղթահարելու համար։
Ըստ AP՝ լինելով Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկի առաջնորդը, սակայն միևնույն ժամանակ ունենալով 1340 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման Ռուսաստանի հետ՝ նա լավ է պատկերացնում, թե ինչ է դրված խաղասեղանին։
Աղբյուրը գրում է, որ 1940-ականներին՝ Ռուսաստանի հետ երկու պատերազմներից հետո, Ֆինլանդիան Մոսկվային զիջել է իր տարածքի մոտ 10 տոկոսը և համաձայնել է պահպանել ռազմական չեզոքություն։ Սակայն Ֆինլանդիայի կորուստները շատ ավելի փոքր են եղել, քան կարող էին լինել, քանի որ ֆիննական զորքերը ցուցաբերել են տոկունություն և ծանր կորուստներ պատճառել խորհրդային բանակին՝ չնայած թվային զգալի գերազանցությանը։ Ֆինլանդիայի չեզոք դիրքորոշումը փոխվեց միայն Ուկրաինայում 2022 թվականին սկսված պատերազմից հետո, երբ ֆինները միացան ՆԱՏՕ-ին։
Ստուբն օգտագործում է իր լավ հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ՝ Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար․ նրանք միասին գոլֆ են խաղացել և պարբերաբար շփվել։


