հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին մեկ փուլով ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. հուլիսի 5-ին կստորագրվի անդամակցության մասին արձանագրությունը՝ նշված է դաշինքի հայտարարության մեջ։

Բանակցություններն ընթացել են երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։

«Երկու երկրները պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ նախատեսված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին, սակայն անդամակցության գործընթացն անմիջապես արգելափակել էր Թուրքիան՝ Հելսինկիից և Ստոկհոլմից պահանջելով քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական, Անկարային հանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թ. հեղաշրջման փորձին մասնակցելու համար, ինչպես նաև չեղարկել Թուրքիային զենքի մատակարարման արգելքները:

Հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայացել են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահների, Շվեդիայի վարչապետի և դաշինքի գլխավոր քարտուղարի բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվել է հուշագիր, որը թույլ է տալիս Ստոկհոլմին և Հելսինկիին մտնել ՆԱՏՕ: Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, Անկարայի բոլոր պահանջները կատարվել են։

  • Կիսվել: