Ֆիդանը կմասնակցի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական նիստին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 8-ին կմասնակցի Վարշավայում կայանալիք Եվրոպական միության (ԵՄ) արտգործնախարարների մակարդակով ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:
Հանդիպման օրակարգում են լինելու Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին, ինչպես նաև մայրացամաքային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը Վարշավա է մեկնելու ահաբեկչության դեմ պայքարի և Եվրոպայի ռազմարդյունաբերական կարողունակությունները զարգացնելու նախաձեռնություններով:
Այս համատեքստում Ֆիդանն ընդգծելու է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել Եվրոպայի անվտանգությանը, ինչպես նաև ակնկալում է աջակցություն ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվելու անցակետերի արդիականացման, առևտրային հարաբերությունների զարգացման և վիզայի ազատականացման հարցերին ևս:
Ակնկալվում է նաև, որ Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա ԵՄ անդամ տարբեր երկրների իր գործընկերների հետ: