չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվս 500 մարդու թույլ կտրվի «Ռաֆահ» անցակետով դուրս գալ Գազայի հատվածից

Եվս 500 մարդու թույլ կտրվի «Ռաֆահ» անցակետով դուրս գալ Գազայի հատվածից

Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով նոյեմբերի 2-ին Եգիպտոս անցնելու թույլտվություն է ստացել ևս 500 մարդ․ սահմանը նոյեմբերի 1-ին հատել էր ավելի քան 400 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ռաֆահ» անցակետը մարդկանց տեղաշարժի համար փակ էր հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով 1400 մարդու, գերեվարելով շուրջ 240-ին։

Վերջին օրերին Եգիպտոսը թույլատրում էր անցակետով հումանիտար բեռներ մտցնել Գազայի հատված, սակայն նոյեմբերի 1-ին առաջին անգամ անցակետը բացվեց մարդկանց համար՝ Իսրայելի, Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի միջև Կատարի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության շնորհիվ։

BBC-ն նշում է, որ նոյեմբերի 1-ին անցակետը հատել է օտարերկրյա անձնագիր ունեցող 335 անձ, ինչպես նաև ծանր վիրավորում ունեցող 76 պաղեստինցի։

Գազայի հատվածից տարհանվածների շարքում են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Չեխիայի, Հորդանանի և Ինդոնեզիայի քաղաքացիներ։

Դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ երկու շաբաթվա ընթացքում Գազայի հատվածից դուրս կգա օտարերկրյա անձնագիր ունեցող շուրջ 7500 մարդ։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական պատասխան հարվածների հետևանքով, ըստ Գազայի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 8796 մարդ, այդ թվում՝ 3648 երեխա։

  • Կիսվել: