շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին

Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին

Եվրոպայի ցանկացած խամաճիկային կառույցի ոչ մի որոշում չի կարող արդարացնել ռուսական սառեցված ակտիվների գողությունը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունը նորից սկսել է խոսել մեր սառեցված ակտիվները գողանալու մտադրության մասին։ Փորձեր են անում այս հանցագործության համար իրավական հիմք գտնել։ Այն չկա՛։ ՄԻԵԴ-ի կամ ցանկացած այլ խամաճիկային կառույցի ոչ մի որոշում չի կարող արդարացնել միջազգային իրավունքի նորմերի խախտումը», - գրել է նա։

Վոլոդինն ընդգծել է, որ դա ամենաիսկական բացահայտ թալանն է։ Պետդումայի նախագահը հավելել է, որ եվրոպացիները ստիպված են լինելու վերադարձնել բոլոր սառեցված ակտիվները՝ հսկայական տոկոսներով։

Նրա խոսքով՝ «եվրոմակաբույծների» անհեռատես գործողություններից առաջին հերթին տուժում են եվրոպական երկրների տնտեսությունն ու քաղաքացիները։ Նա որպես օրինակ բերել է Գերմանիան, որտեղ ռուսական գազից հրաժարվելը երկրի տնտեսության վրա նստել է 50 միլիարդ եվրո, իսկ էներգակրի արժեքն աճել է 4,5 անգամ և Եվրոպայում գերազանցել 1,000 դոլարը մեկ խորանարդ մետրի դիմաց։

«Եվրոպայի բազմաթիվ երկրներում իշխանությունը զավթել են ապաշնորհ, անօրեն մարդիկ։ Այնպիսիք, ինչպիսիք են Մակրոնը, Մերցը և նրանց նմանները։ Նրանք բացարձակապես ազգային կողմնորոշում չունեն և չեն մտածում իրենց պետությունների քաղաքացիների մասին», - ընդգծել է Վոլոդինը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Եվրոպան իր մարդկանց խնդիրները լուծելու փոխարեն հերթական տրանշներն է փոխանցում Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ Դրա համար եվրոպական երկրների սեփական ռեսուրսները սպառվել են, սակայն «գողացող» Կիևի ռեժիմը շարունակում է պահանջել, հավելել է նա։

Պետդումայի նախագահը կարծում է, որ Մակրոնի և Մերցի համար ամեն ինչ կավարտվի մեծ խնդիրներով։ Նա ենթադրում է, որ Ֆրանսիայի նախագահը վերջին տարիներին Ֆրանսիայում ձևավորված ավանդույթի համաձայն կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։

  • Կիսվել: