հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եվրոպան՝ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն․ ԱՀԿ

Եվրոպան՝ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Եվրոպան դարձել է կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն։ Օրեցօր բազմաթիվ երկրներ իրենց սահմանները փակում են օտարերկրացիների համար, իսկ երբեմն նաև սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնք վերադառնում են օտարերկրյա պետություններից, գրում է hetq.am-ը։

Այսօր հայտնի դարձավ, որ օտարերկրացիների համար պետական սահմանը փակել է Ուկրաինան։ Արգելքն սահմանվել է երկու շաբաթով, որը կարող է երկարաձգվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ Վրաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, որոշվել է մարտի 14-ից 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Արտասահմանցիների համար իրենց սահմանները փակել են նաև Չեխիան, Բուլղարիան և Սլովակիան։ Բացառություն են կազմում միայն այն օտարերկրացիները, որոնք ունեն կացության քարտ։ Ավստրիան էլ հայտարարել է, որ բժշկական ստուգումներ կիրականացնի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի սահմաններին։ Այս գործելաոճն արդեն իսկ կիրառվում է իտալա-ավստրիական պետական սահմանին։

Մեծ Բրիտանիան որոշել է մեկ տարով հետաձգել տեղական ընտրությունները։ Դրանք տեղի կունենան 2021 թվականի մայիսին։ Մինչև ապրիլ ամիսը հետաձգվել են նաև ֆուտբոլի Պրեմիեր լիգայի խաղերը, ինչպես նաև Լոնդոնի մարաթոնը։ Իսկ Շոտլանդիայում շաբաթ օրը գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ շաբաթ օրվանից երկրում կհայտարարվի արտակարգ դրություն։ Նոր կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 40 %-ով։ Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 120 մարդ, իսկ վարակակիրների թիվը հասել է 4209-ի։ Արտակարգ դրության շրջանակներում կառավարությունը կարող է արգելել մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը, զբաղվել պարտադիր տարհանմամբ և արգելել մուտքը դեպի կոնկրետ շրջաններ և վայրեր։ Արտակարգ դրությունը կտևի 15 օր, սակայն կարող է երկարաձգվել, եթե խորհրդարանը տա իր համաձայնությունը։ Սանչեսի խոսքերով՝ Իսպանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հաջորդ շաբաթ կարող է հասնել 10 000-ի։

UNESCO-ն էլ հայտնում է, որ Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի շուրջ 61 երկրներ փակել կամ փակում են ուսումնական հաստատությունները։ Ուրբաթ օրվանից մինչև մարտի 23-ը փակ կլինեն Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները։ Շվեյցարիայում, առնվազն մինչև ապրիլի 4-ը, փակ կլինեն բոլոր դպրոցները։ Երկուշաբթի օրվանից սկսած կփակվեն նաև Գերմանիայի դպրոցների մեծ մասը։ Մալթա ժամանած բոլոր քաղաքացիներն էլ անխտիր կտեղափոխվեն 14-օրյա կարանտին։

Բրիտանական կառավարության խնդրանքով Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան հետաձգել են իրենց այցը Բոսնիա, Հորդանան և Կիպրոս։ «British Airways» ընկերության ղեկավար Ալեքս Քրուզն էլ հայտարարել է, որ չեղարկվում են բազմաթիվ թռիչքներ, իսկ աշխատակիցներին սպասվում են կրճատումներ։

  • Կիսվել: