Եվրախորհրդարանի պատգամավորները Միջազգային քրեական դատարանին կոչ են արել դիտարկել Լուկաշենկոյի ձերբակալման օրդերի հնարավորությունը
Եվրախորհրդարանի պատգամավորները հրապարակել են Բելառուսի հետ ԵՄ հարաբերությունների մասին զեկույց՝ նշելով, որ Բելառուսը պատասխանատվություն է կրում Ուկրաինային հասցված վնասի և այնտեղ կատարված հանցագործությունների համար, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղափոխման գործում, հայտնում են լրատվամիջոցները:
Զեկույցով կոչ է արվում ՛՛ԵՄ ինստիտուտներին և անդամ պետություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային մակարդակով, որպեսզի ապահովվի Բելառուսի այն քաղաքական և ռազմական պաշտոնյաների քրեական հետապնդման հնարավորությունը, որոնք պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար՛՛:
Եվրախորհրդարանի պատգամավորները Միջազգային քրեական դատարանին կոչ են արել դիտարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալման օրդեր տալու հնարավորությունը: ԵՄ խորհրդին էլ եվրապատգամավորները հորդորել են ընդլայնել բելառուս ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց դեմ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել, ներառյալ նրանց, ովքեր ներգրավված են ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսմանը: