Եթե ԱՄՆ-ում հանրապետականները Սենատում մեծամասնություն դառնան, մեզ համար ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի. Էրդողան
F-16 ինքնաթիռներ գնելու հարցում Թուրքիայի համար «շատ ավելի հեշտ կլինի», եթե հանրապետականներն ի վերջո վերահսկեն ԱՄՆ Սենատը, շաբաթ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Reuters-ը:
Գործակալությունը մանրամասնում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հոկտեմբերին խնդրել էր գնել 40 Lockheed Martin Corp (LMT.N) F-16 կործանիչներ և մոտ 80 արդիականացման կոմպլեկտներ իր գործող ռազմական ինքնաթիռների համար. երկու կողմերի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են:
Ցանկացած վերջնական վաճառք պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը, սակայն այժմ Անկարայի համար որոշ խոչընդոտներ կան՝ հաշվի առնելով թուրք-ամերիկյան երբեմն լարված դիվանագիտական հարաբերությունները և որոշ ամերիկացի օրենսդիրների շրջանում թերահավատությունը:
«Իմ հույսն այն է, որ հաջորդ ամիսը լցված կլինի լավ նորություններով, և մենք առաջընթաց կգարնցենք F-16-ի հարցում շատ դրական ուղղությամբ: Եթե հանրապետականները ստանան Սենատում իրենց անհրաժեշտ մի քանի տեղերը (դառնալով մեծամասնություն-Խմբ.), մեզ համար ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի ութին ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները:



