Էստոնիան 2026 թվականին կշարունակի ռազմական օգնությունն Ուկրաինային. Պևկուր
Էստոնիան մտադիր է 2026 թվականին շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը։ Այս մասին Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Հանո Պևկուրը, տեղեկացնում է Европейская правда-ն։
Նշվում է, որ նա վստահեցրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին, որ Էստոնիան շարունակելու է աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում։ «Մենք կպահպանենք այն սկզբունքը, ըստ որի՝ մեր ՀՆԱ-ի 0.25 տոկոսը կուղղվի Ուկրաինային աջակցելուն»,-ասել է Պևկուրը։
Ըստ նրա՝ հաջորդ տարի օգնության տրամադրման գործում առանցքային դեր կունենան Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները։
Պևկուրը նաև հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ռուստեմ Ումերովի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության հարցերը։


