չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ. Թրամփը՝ Մադուրոյի գերեվարումից հետո Չինաստանի առաջնորդի հետ իր հարաբերությունների մասին

Ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ. Թրամփը՝ Մադուրոյի գերեվարումից հետո Չինաստանի առաջնորդի հետ իր հարաբերությունների մասին

Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողությունը չի ազդի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունների վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ինքը Թրամփը: 

Լրագրողը հարցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման հնարավոր բացասական ազդեցության մասին Թրամփի և Սի Ցզինպինի հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է. «Ես այդպես չեմ կարծում. ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ»:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարված է հասցրել Վենեսուելային. պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաք Կարակասում և Ֆորտ Տիունա ռազմական բազայում։ Այլ թիրախների թվում էին Լա Կարլոտա ավիաբազան, Էլ Վուլկան ազդանշանային անտենան, Լա Գուայրա նավահանգիստը և այլ օբյեկտներ։

Հարձակումներից հետո Թրամփը գործողությունը հաջողված է անվանել և հայտարարել, որ ԱՄՆ ուժերը գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։

Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուժի կիրառումը։ Պեկինը նաև պահանջել է, որ Վաշինգտոնը անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը։

  • Կիսվել: