ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես հարյուր տոկոսով չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել. Զելենսկին՝ Լեհաստանի տարածքում հրթիռների անկման մասին

Ես հարյուր տոկոսով չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել. Զելենսկին՝ Լեհաստանի տարածքում հրթիռների անկման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լեհաստանում ընկած հրթիռի ծագման վերաբերյալ հայտարարել է, թե հետաքննություն է ընթանում, թեեւ նախօրեին հավաստիացրել էր, որ դա ռուսական է՝ չնայած ՆԱՏՕ-ի եւ Վարշավայի կողմից հնչող հակառակ պնդումներին։

Նա Bloomberg-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Ես հարյուր տոկոսով չգիտեմ, կարծում եմ, որ աշխարհը նույնպես 100 տոկոսով չգիտի, թե ինչ է տեղի ունեցել՛՛:

Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ ՛՛դա ռուսական հրթիռ է՛՛, սակայն միեւնույն ժամանակ նշել է, որ Ուկրաինան ՀՕՊ համակարգ է կիրառել՝ ռուսական հրթիռակոծությունից պաշտպանվելու համար։

Զելենսկիի խոսքով՝ իր զինվորական պաշտոնյաներն իրեն ասել են, որ պայթյունի վայրում գտնվող խառնարանի պատկերները հուշում են, որ այն չէր կարող առաջանալ բացառապես ուկրաինական զենիթահրթիռի մնացորդների պատճառով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին լեհական լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանի տարածքում երկու հրթիռի ենթադրյալ անկման մասին՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյեվոդությունում երկու մարդ է զոհվել։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ որոշ բեկորների հրապարակված լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ «Ռուսական» հրթիռների ենթադրյալ անկման մասին լեհական լրատվամիջոցների բոլոր հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ զրույցում ասել է Լեհաստանի տարածքում տեղի ունեցած միջադեպի «բոլոր փաստերը հաստատելու» անհրաժեշտության մասին։ Պենտագոնը նաև կոչ է արել առաջնորդվել միայն փաստերով և հրաժարվել է քննարկել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառելիությունը, որում ասվում է, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կդիտվի որպես հարձակում դրանք որպես ամբողջություն:

  • Կիսվել: